Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը Վրաստանում մասնակցել է էներգաարդյունավետության թեմայով ՄԱԿ-ի աշխատաժողովի
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը նոյեմբերի 21-ից 23-ը Թբիլիսիում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից անցկացվող «Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի և դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում՝ հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի վավերացման աշխատաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Նունե Պետրոսյանն իր ելույթում ներկայացրել է շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները՝ շեշտադրելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով հանրապետությունում կառուցապատման աննախադեպ ծավալներին և այդ թվում՝ ՀՀ կառավարության՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրին՝ կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ էներգաարդյունավետ շենքային պայմանների ստեղծումը նորմատիվ պարտադիր պահանջներից է: Հայաստանում էներգաարդյունավետ շինարարության խթանմանն ուղղված միջոցառումներից Նունե Պետրոսյանը և ՄԱԿի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի փորձագետներն առանձնացրել են քաղաքաշինական նորմերի և օրենսդրական դաշտի արդիականացումը, էներգաարդյունավետության անհատական բնակելի տների բազմակի օգտագործման նախագծերի հրապարակումը կոմիտեի կայքում, վերապատրաստումների կազմակերպումը:
Նշվում է, որ այցի ընթացքում Նունե Պետրոսյանը նաև հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածական պլանավորման և քաղաքաշինության գործակալության պետի տեղակալ Զուրաբ Տիկլաուրիի հետ։ Քննարկվել են տարածական պլանավորման և քաղաքաշինության ոլորտներում երկու պետությունների միջև լավագույն փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման վերաբերյալ հարցեր: Դիտարկվել է շինարարության ոլորտում ներդրումների ներգրավման համատեղ ծրագրերի իրականացման, շինարարական ընկերությունների փոխգործակցության ձևավորման հնարավորությունը:
Կարծիքներ