Դեսպան Բալայանը հանդիպել է Ուրկի քաղաքապետի և քաղաքային խորհրդի անդամների հետ
Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Ֆլևոլանդ մարզի Ուրկ քաղաք, որը Նիդեռլանդների ձկնարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը:
Քաղաքապետարանում դեսպանը հանդիպում է ունեցել Ուրկի քաղաքապետ Սես ֆան դեր Բոսի և քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քաղաքապետն իր ողջույնի խոսքում անդրադարձ է կատարել հայ ժողովրդի բազմադարյա պատմությանն ու մշակույթին, խոսել քրիստոնեական արժեքների մասին, որով Ուրկ քաղաքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Նիդեռլանդների հասարակության շրջանում՝ պահպանելով իր ավանդույթները և հոգևոր արժեքները, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում առաջին քրիստոնյա ժողովրդի հետ ամուր հարաբերություններ կառուցելու ճանապարհին։
Հանդիպմանը քննարկվել են ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու հնարավորությունները։
Դեսպան Բալայանն այցելել է նաև Նիդեռլանդներում ծովամթերքի ներկրման և արտահանման շուկայում առաջատար Dayseaday Group ընկերություն, շրջայց կատարել արտադրամասում, ծանոթացել վերջինիս պատմությանն ու գործունեությանը։
Դեսպանն ընկերության ղեկավարությանը փոխանցել է Հայաստանում ձկնարտադրության վերաբերյալ տեղեկատվական նյութեր և վիճակագրություն, քննարկել համատեղ ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր։
Այցը կազմակերպվել էր Միջազգային քրիստոնեական խորհուրդ կազմակերպության գործադիր տնօրեն Հենկ Յան ֆան Սխոտհոստի նախաձեռնությամբ։
Կարծիքներ