Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում Սենատին է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա Քվիենի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Սենատի համապատասխան հանձնաժողովը պետք է լսումների օր նշանակի, որի ժամանակ Քվիենը կպատասխանի օրենսդիրների հարցերին: Դրանից որոշ ժամանակ անց վերին պալատում քվեարկություն տեղի կունենա՝ հաստատելու նրա թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Քրիստինա Քվիենը 2019 թվականից Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն էր: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:
Դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: Քվիենը եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն:
Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան:
Կարծիքներ