Դպրոցներին հորդորվել է տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու հարցում համագործակցել ոստիկանության հետ

Ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումներն անվտանգ անցկացնելու համատեքստում ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը արդեն մի քանի օր իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ համագործակցելով ԿԳՄՍ նախարարության, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հանրապետության ողջ տարածքում իրավասու մարմինների աշխատակիցները հանդիպել են դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպումները կազմակերպվել են և՛ ավագ, և՛ հիմնական դպրոցներում։
Անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը հանդիպումների ընթացքում մանկավարժական կազմին հորդորել է տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու հարցում համագործակցել ոստիկանության ծառայողների հետ։ Նա ընդգծել է, որ առաջնայինը իրավախախտումներն ու դրանց հնարավոր հետևանքները կանխելն է, որ չխաթարվի օրվա տոնականությունը։
Էդգար Պետրոսյանն առանձնահատուկ անդրադարձել է անչափահասներին մեքենա վստահելու, ինչպես և ալկոհոլի չարաշահման հարցերին՝ այդ առումով կարևորելով ոչ միայն ծնողների, այլև ուսուցիչների դերը։ Վարչության պետը մանրամասնել է նաև շրջանավարտներին մեքենա վստահելու, նրանց ոգելից խմիչքների օգտագործմանը ներգրավելու ոչ միայն վտանգները, այլև իրավական հետևանքները՝ շեշտելով, որ նման դեպքերում օրենքը նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողների համար։
Նման ձևաչափով կանխարգելիչ հանդիպումներ են անցկացվել նաև մարզերում՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների իրավասու ծառայողների և տեղական իշխանությունների մասնակցությամբ։
Կարծիքներ