ՌԴ-ն անհատույց սպառազինություն և տեխնիկա կտրամադրի Տաջիկստանին. Շոյգու
Իրավիճակը Կենտրոնական և Հարավային Ասիայում հատուկ ուշադրություն է պահանջում, Ռուսաստանը սկսել է միջոցներ ձեռնարկել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն` հավելելով, որ խոսքը նաև սպառազինման մատակարարման մասին է:
«Այսօր առաջին տեղ են դուրս գալիս (Տաջիկստանի հետ` խմբ.) հարևան երկրի` Աֆղանստանի տարածքից եկող սպառնալիքների չեզոքացմանն ուղղված համատեղ աշխատանքները: Այնտեղից արտասահմանյան զորքերի շուտափույթ դուրսբերումը հանգեցրել է իրավիճակի վատթարացման և ահաբեկիչների ակտիվության բռնկման»,- մասնավորեցրել է ՌԴ պաշտպանության նախարարը Դուշանբեում անցկացվող բանակցությունների ընթացքում:
Շոյգուն հայտարարել է նաև, որ Մոսկվան Տաջիկստանի բանակն անհատույց կհամալրի զենքով և տեխնիկայով:
Հիշեցնենք, որ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր Տաջիկստանի հետ երկկողմ, այնուհետ նաև Ուզբեկստանի հետ եռակողմ համատեղ զորքավարժություններ անցկացնելու մասին:
«Շարունակում ենք որակավորված տաջիկ զինվորականների վերապատրաստումը: Պատրաստում ենք նրանց ինչպես մեր ռազմական բուհերում, այնպես էլ 201-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում»,- հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ իրավիճակն Աֆղանստանում լարվել է ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ, ինչի ֆոնին ակտիվացել է «Թալիբան» արմատական շարժումը: Շարժման անդամներն առաջխաղացումներ են գրանցում երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև երկրի սահմաններին:
Կարծիքներ