Դատավորները մտահոգված են. ո՞ր դեպքում քաղաքացիները կարող են դատավորին պատասխանատվության կանչել. «Ժողովուրդ»

Դատավորները մտահոգված են. ո՞ր դեպքում քաղաքացիները կարող են դատավորին պատասխանատվության կանչել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում մարտի 19-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը վրդովմունք է առաջացրել դատական համակարգի ներկայացուցիչների մոտ: Բանն այն է, որ այս փոփոխություններով նախ նոր լիազորություններ են տրվել Բարձրագույն դատական խորհրդին, որը կատարվել է ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ, և, բացի այդ, արվել են փոփոխություններ, որոնք, դատավորների խոսքով, կարող են իրենց համար զսպաշապիկ հանդիսանալ:

Մասնավորապես, դատավորներին անհանգստացրել է այն դրույթը, համաձայն որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաև քաղաքացիները: Ընդ որում, հստակեցված չէ, թե դա որ փուլում կարող է կատարվել, ինչը ենթադրում է, որ դատավարության ցանկացած փուլում նման գործողությունը հնարավոր է:

Այսինքն` արդարադատություն իրականացնող դատավորներին առավել ակտիվ քաղաքացիները կկարողանան վերցնել վերահսկողության տակ` դրանից բխող բոլոր վատ հետևանքներով: Հավելենք, որ խորհրդարանում այս փոփոխությունները քննդատել էին ինչպես ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ անկախ պատգամավորները:

Այս նախագիծը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կյանքի չի կոչվի: Այն բողոքարկվելու է Սահմանադրական դատարանում, որտեղ, ըստ շատ իրավաբանների, փշրվելու է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում