ԶՊՄԿ-ի ջանքերով Սիսիանում քարի վերամշակման գործարանը վերագործարկվել է. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 23-ին Սիսիանում մասնակցել է VH Stone քարի վերամշակման գործարանի վերագործարկման հանդիսավոր արարողությանը, որն իրականություն է դարձել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ջանքերով։
Ինչպես հայտնում են Սյունիքի մարզպետարանից, ներկա էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը, «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմը, Սիսիանի համայնքային իշխանությունները, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ։
Ողջունելով ներկաներին՝ Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել ԶՊՄԿ-ին՝ Սիսիանում աշխատատեղեր ստեղծելու համար ու շնորհավորել սիսիանցիներին։
«Հատկապես սուբվենցիոն ծրագրերի սրընթաց աճի պարագայում էական է մարզում ունենալ նման արտադրություն․ հայտարարվեց 40 աշխատատեղի մասին, բայց վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո կխոսենք արտադրանքի ծավալների կրկնապատկման ու եռապատկման մասին։ Շնորհավորում եմ սիսիանցիներին, որովհետև այս արտադրության դրական ազդեցությունը համայնքի զարգացման վրա զգալի է լինելու։ Արտադրամասի վերաբացումը կարևոր է հատկապես այս օրերին ու հատկապես Սյունիքում»,- նշել է Ռոբերտ Ղուկասյանը։
VH Stone ընկերությունը հիմնադրվել է 2000 թ․, 2015 թվականից պատկանում է ԶՊՄԿ-ին: Նախկինում շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել էր գործունեությունը 2019 թ․։ Այս տարի ԶՊՄԿ-ի նոր ղեկավարությունը ռազմավարական որոշում էր կայացրել վերագործարկել այն՝ հաշվի առնելով ընկերության նշանակությունը Սիսիանի համար, ինչպես նաև՝ որպես «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի բոլոր ձեռնարկությունների արդյունավետության բարձրացման, տնտեսական ազդեցության ընդլայնման ծրագրի մաս։
Գործարանն արդեն ունի 40 աշխատատեղ (աշխատողները տեղացիներ են), արտադրության ծավալը ամսական 2500 քմ արտադրանք է․ այն հնարավորություն ունի ընդլայնել իր արտադրական հզորությունը մինչև 5000 քմ՝ ապահովելով մինչև 80-100 աշխատատեղ։
Կարծիքներ