Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 17-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:
Ողջունելով հյուրին՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
Խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, և ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և այդ համատեքստում կարևորել է մշակութային, գիտակրթական, պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Ֆան Յոնգը նշել է, որ իրենց համար կարևոր է Հայաստանի հետ համագործակցությունն ու բարեկամական կապը:
Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբն ԱԺ ամենամեծ և ակտիվ խմբերից մեկն է: Նա պատրաստակամություն է հայտնել էլ ավելի ակտիվացնելու և խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր:
Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջականությունն ու անվտանգությունը՝ հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:
Կարծիքներ