Սյունքիում զոհված Մերուժան Հարությունյանը հուղարկավորվեց «Եռաբլուրում»

Սյունքիում զոհված Մերուժան Հարությունյանը հուղարկավորվեց «Եռաբլուրում»

Սիսիանում նոյեմբերի 16-ին մարտական գործողությունների ընթացքում զոհված Մերուժան Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

30-ամյա պայմանագրային զինծառայող Մերուժան Հարությունյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Նա վիրավորում էր ստացել, սակայն շարունակել էր կռվել մինչև պատերազմի ավարտը։

Մերուժանը ծնունդով Գյումրիից էր։ Նա եւ իր եղբայրը պայմանագրային զինծառայողներ էին, բնակվում էին Երեւանում։ Մերուժանը պայմանագրային զինծառայող էր դարձել մոտ չորս տարի առաջ, եղբայրը՝ ավելի ուշ։

Մերուժանն ամուսնացած էր։ Ուներ երկու երեխա՝ 12 տարեկան դուստր և 2 տարեկան որդի։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16–ին՝ ժամը 13։00-ի սահմանում,  Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Մի քանի ժամ այդ ուղղությամբ մարտեր էին ընթացել, հայկական կողմը երկու մարտական դիրք էր կորցրել։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ 18։30-ից կրակը դադարեցվել էր։

Պաշտպանության նախարարությունը նախ հայտնել էր մեկ զոհի մասին՝ 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյան։ Նախարարությունը հաղորդել էր, որ կա 13 գերեվարված զինծառայող, իսկ 24 զինծառայողի հետ կապը կորել էր, եւ նրանց ճակատագիրն այդ  պահին անհայտ էր։

Նախարարությունն այսօր՝ նոյեմբերի 19–ին, հայտնեց, որ այս պահի տվյալներով, հայկական կողմն ունի 6 զոհ՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

Ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում