NASA-ի տիեզերագնացներին հաջողվել է Միջազգային տիեզերակայանում չիլի պղպեղ աճեցնել
ԱՄՆ-ի տիեզերագնացներն առաջին անգամ կարողացել են պղպեղ աճեցնել միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ)՝ հուլիսի 12-ին սկսված փորձի շրջանակներում: Այս մասին հայտնել է NASA-ն։
«Հյուսթոն, մենք պղպեղ ունենք։․․․ Հետևեք բերքահավաքին այս տարի ավելի ուշ»,- գրված է հաղորդագրության մեջ, որին կցված է լուսանկար։
Միկրոգրավիտացիայի պայմաններում բույսերի պտղի զարգացման հետազոտությունները սահմանափակ են, և NASA-ի գիտնականները նշել են, որ ՄՏԿ-ում պտղի աճը պակաս զգալի է եղել, քան երկրի վրա աճեցվածները: Դրա պատճառները դեռ պարզ չեն, նշվում է ամերիկյան տիեզերական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Միկրոգրավիտացիայի պայմաններում բույսերի աճեցման հետ կապված խնդիրների հաղթահարումը կարևոր է երկարաժամկետ առաքելությունների համար, որոնց դեպքում անձնակազմի անդամներին հարկավոր կլինի վիտամին C-ի լավ աղբյուր, ինչպիսին պղպեղն է», – պարզաբանել են NASA-ում:
Նշվում է, որ ոչ բոլոր փոշոտված ծաղիկներն են պտուղ դարձել։ Ամերիկացի տիեզերագնացները բերքը կհավաքեն երկու անգամ ՝ առաջին անգամ հոկտեմբերի վերջին 100 օրվա փորձարկումից հետո, երկրորդ անգամ՝ նոյեմբերի սկզբին 120 օր անց:
Հուլիսի 12-ին NASA-ի տիեզերագնաց Մեգան Մաքարտուրը հայտնել է չիլի պղպեղի աճեցման փորձի մեկնարկի մասին:
Կարծիքներ