ԱԺ-ն ծափողջյուններով շնորհավորեց Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

Ազգային ժողովի պատգամավորները ծափողջյուններով շնորհավորեցին ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ այսօր՝ մարտի 5-ը, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։
«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Ես առաջարկում եմ ծափողջույներով շնորհավորել Սպարապետի ծննդյան կապակցությամբ», – հայտարարեց Սիմոնյանը։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ 1980-ական թվականներին զբաղվել է գրականությամբ և լրագրությամբ, եղել է «Գարուն» ամսագրի աշխատակից։Արցախյան շարժման ընթացքում ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի ազգային ինքնապաշտպանական ուժերի կազմավորման գործում։1991-1992 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանական պետական կոմիտեի նախագահ, 1992-1993 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։1993-1995 թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական։1999 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Վազգեն Սարգսյանը հայտնի է որպես Հայաստանի ազգային բանակի հիմնադիրներից մեկը։ Նա մեծ դեր է ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում՝ կազմակերպելով հայկական ուժերի պաշտպանությունն ու հաղթանակները։1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվել է։
Կարծիքներ