Ռուանդացի ներգաղթյալին կասկածում են իրեն ապաստանած ֆրանսիացի հոգեւորականի սպանության մեջ
Ռուանդացի ներգաղթյալը ոստիկանական բաժանմունքում խոստովանել է, որ սպանել է կաթոլիկ հոգեւորականին: Վերջինս տղամարդուն ապաստան է տվել այն ժամանակ, երբ նա սպասում էր հրկիզման գործով դատավճռին, հաղորդել է Reuters-ը:
40-ամյա տղամարդը ինքնակամ է հանձնվել, հայնտել է հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրը: Կարճ ժամանակ անց ոստիկանները հոգեւորականի դին գտել են Սեն-Լորան-սյուր-Սեւրում՝ Վանդեա շրջանում:
Ֆրանսիայի իմիգրացիոն իշխանությունները Ռուանդայի քաղաքացուն դեռեւս 2019 թվականին են արտաքսման հրաման հանձնել, սակայն նա չի լքել Ֆրանսիան:
Մեղադրողները նշում են, որ նա մեկ տարի անց հրկիզել է Նանտի տաճարը: 2020 թվականի հունիսին 15-րդ դարի տաճարի ներսում բռկված հրդեհը ոչնչացրել է մեծ երգեհոն, վիտրաժներ եւ նկարներ:
«Նշանակում է, որ լինելով անօրինական ներգաղթյալ Ֆրանսիայում, կարող եք հրկիզել Նանտի տաճարը, չարտաքսվել եւ նոր հանցագործություն կատարել՝ սպանելով հոգեւորականի: Այն, ինչ կատարվում է մեր երկրում, աննախադեպ է՝ իշխանությունների լիակատար ձախողում», - թվիթերյան էջում գրել է ծայրահեղ աջակողմյան ուժերի առաջնորդ Մարին Լը Պենը:
Սպանությունը կմեծացնի նախագահ Էմանուել Մակրոնի վրա ճնշումը՝ ներգաղթի քաղաքականության հետ կապված:
Կարծիքներ