ՇՄ նախարարն ընդունել է UNECE-ի պատվիրակությանը

ՇՄ նախարարն ընդունել է UNECE-ի պատվիրակությանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի գլխավորած պատվիրակությանը: ՄԱԿ-ի ԵՏՀ հիմնական նպատակն է աջակցել համաեվրոպական տնտեսական ինտեգրմանը։ Այն միավորում է Եվրոպական միության, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի 56 երկիր (ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Թուրքիան, Իսրայելը, Միջին Ասիայի նախկին խորհրդային պետությունները)։
 
ՄԱԿ ԵՏՀ-ն համագործակցում է ավելի քան 70 միջազգային մասնագիտական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ։ ՄԱԿ-ի ԵՏՀ կենտրոնակայանը գտնվում է Ժնևում, Շվեյցարիա։ Հայաստանը ՄԱԿ-ի ԵՏՀ անդամ է 1993 թվականի հուլիսից։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանական հարցերի լայն շրջանակ՝ օրենսդրական բարեփոխումներից մինչև ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում։ Նախարարը գործընկերներին է ներկայացրել ջրային ոլորտում օրենսդրական բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը միտված քայլերին։
 
Քննարկվել են նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ Տատյանա Մոլչանն անդրադարձել է բնապահպանական կոնվենցիաներին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել երկրի գործողությունները կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում։
 
Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում դիտարկել փորձագիտական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, ինչի իրականացման նպատակով UNECE-ն պատրաստակամ է ունենալ գործուն մասնակցություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում