Նախատեսվում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության համատեղության կարգով հավատարմագրումը Պարագվայում
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Պարագվայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Վիլմա Պատրիսիա Ֆրուտոս Ռուիսի հետ, ով Երևան է այցելել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ընդգծվել է հայկական կողմի շահագրգռվածությունը Պարագվայի հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է Մոնտեվիդեյում Հայաստանի դեսպանության համատեղության կարգով հավատարմագրումը նաև Պարագվայում, ինչը հաստատապես իր նպաստը կբերի երկկողմ առարկայական օրակարգի ձևավորմանը:
«Պարագվայի ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմի հյուրընկալության համար, վերահաստատել է Պարագվայի շահագրգռվածությունը՝ զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-պարագվայական օրակարգի զարգացման հնարավորությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականցվող ՀՀ կառավարության ջանքերին:
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել նաև Լատինական Ամերիկայում և Հարավային Կովկասում զարգացումների, միջազգային մի շարք այլ հրատապ հարցերի վերաբերյալ:
Կարծիքներ