Հունգարիան դիմել է Եվրահանձնոժողովին՝ Բուլղարիայի կողմից գազի տարանցման վճարների բարձրացման պատճառով
Հունգարիան պատրաստ է մինչև տարեվերջ դիմել ԵՄ դատարան՝ Բուլղարիայի կողմից ռուսական գազի տարանցման համար վճարների բարձրացման պատճառով, եթե Եվրահանձնաժողովը գործընթաց չսկսի Սոֆիայի դեմ համայնքային կանոնները խախտելու համար և համոզի նրան ժամանակավորապես չեղարկել այդ որոշումը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան։
«Ես նամակ եմ ուղարկել Եվրահանձնաժողով՝ խնդրելով անհապաղ սկսել Բուլղարիայի նկատմամբ պարտավորությունների խախտման գործընթացը և մինչև գործընթացի ավարտը կոչ անել Բուլղարիային սառեցնել էներգիայի տուրքերի բարձրացումը»,- ասել է Բոկան իր տեսաուղերձում։
Նա ընդգծել է, որ Բուլղարիան այդ քայլով խախտում է ներքին շուկայի կանոնները, խարխլում է մաքսային միությունը և ԵՄ ընդհանուր առևտրային քաղաքականությունը։
Կարծիքներ