Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի և Տաշիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Բազումում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, Տաշիրում՝ ատրճանակի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում էլ արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Ոստիկանության Արարատի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ականանետի ականի կամավոր հանձնման դեպքն էլ արձանագրվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։

«Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար», ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում