Առաջարկում են մի քանի հազար դոլար. հումորիստը՝ քաղաքական գովազդներ ստանալու առաջարկների մասին

Առաջարկում են մի քանի հազար դոլար. հումորիստը՝ քաղաքական գովազդներ ստանալու առաջարկների մասին

Սոցիալական հարթակներում իր հետևորդներին «Բիձա» բեմական անվամբ հայտնի դերասան-հումորիստը գրառում է կատարել և հրապարակել լուսանկար, որտեղ գումարով քաղաքական պատվեր կատարելու առաջարկ է ստացել:

Նամակագրության բովանդակությունից պարզ է դառնում, որ վերջինիս առաջարկը առաջին անգամ չէ արվում, ավելի վաղ արված առաջարկը մերժել է: Եվ պատվիրատուները, ենթադրելով, թե հումորիստը ավելի բարձր գին է պահանջում, կրկին դիմել են՝ էլ ավելի կոպիտ կերպով մերժում ստանալով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հումորիստը տեղեկացրել է, որ արդեն մեկ տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում: Նա, անդրադառնալով իր հրապարակմանը, նշեց՝ քաղաքական գովազդներ անելու առաջարկներ միշտ ստացել է, ընդ որում՝ տարբեր ուժերից: Յուրաքանչյուրը տարբեր գներ է առաջարկում՝ այս կամ այն քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին իր էջերով գովազդելու համար:

«Առաջարկներ եղել են նաև ընտրությունների ժամանակ ու հիմա էլ պարբերաբար շարունակվում են բոլոր խոշոր քաղաքական ուժերից: Սակայն ուզում եմ շեշտել, որ ես որևիցե քաղաքական ուժի չեմ սատարում: Երբ հարցնում են՝ ո՞ւմ ես սատարում, ասում եմ՝ ընտանիքիս անդամներին, ավելի կոնկրետ՝ հայրիկիս եմ սատարում: Ոչ միայն մերժում եմ նմանատիպ առաջարկները, այլ նաև ցավում եմ, որ նման դեպքեր են տեղի ունենում»,- նկատեց նա:

Քաղաքական ուժի կամ քաղաքական գործիչի մասին հրապարակում կատարելու համար դերասան-հումորիստին պատվիրատուները պատրաստ են վճարել մինչև անգամ մի քանի հազար դոլար: Թե ո՞րն է եղել մինչ օրս ամենաբարձր գինը, որն առաջարկել են, վերջինս չցանկացավ նշել:

«Չեմ ուզում կոնկրետ նշել, թե այս դեպքում որ ուժից եմ ստացել, բայց բոլոր ուժերը մի գնով վաճառվում են: Հնարավոր է, որ շատ վիդեոբլոգերներ կամ դերասաններ ուրախ լինեն նման առաջարկներից, բայց ես խորապես ցավում եմ, որ մեր իրականությունում նման առաջարկներ են լինում»,- նշեց նա:

Ըստ դերասանի՝ ցավալի է նաև, որ քաղաքական գործընթացներում, այսպես ասած, օգտագործում են անչափահաս երեխաներին, որը արվում է հատկապես «Տիկտոկ» ցանցի միջոցով. «Երբ ուսումնասիրում եմ, թե ինչ է կատարվում հայաստանյան «Տիկտոկ»-ում, խոր ցավ եմ ապրում: Հատկապես, որ քաղաքական տարբեր ուժեր երեխաներին օգտագործում են իրենց շահերի համար: Ես ուղղակի պահանջում եմ՝ երեխաներին նման գործընթացներում չխառնել: Սա առաջին հերթին հոգեբանական խնդիր կարող է առաջ բերել նրանց մոտ: Մարդիկ չեն մտածո՞ւմ՝ իրենց երեխան ինչ է անում «Տիկտոկ»-ում»:

Վերջինիս խոսքով՝ այս օրերին հատկապես կարևոր է, որ մարդիկ իրենց միջի բարությունը չկորցնեն և զերծ մնան միմյանց վիրավորելուց. եթե յուրաքանչյուրը իր գործով զբաղվի, ապա ամեն ինչ մեր երկրում հանգիստ կլինի:

«Ես պարզապես ցանկանում եմ՝ այնքան հարստանամ, որ կարողանամ ՀՀ գումար ուղարկել: Մարդկանց «կաշառեմ», որ ընտրակաշառք չվերցնեն, որ փողոց դուրս գալու համար գումար չվերցնեն»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում