Ջեյ դի Վենսի այցի կենտրոնում TRIPP նախաձեռնության գործարկումն է․ Արման Բաբաջանյան

Ջեյ դի Վենսի այցի կենտրոնում TRIPP նախաձեռնության գործարկումն է․ Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքում գրել է.

 

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի փետրվարի 9-ին սպասվող այցը Հայաստան ունի հստակ գործնական օրակարգ և պետք է գնահատվի արդյունքներով։

 

Այցի կենտրոնում TRIPP նախաձեռնության գործարկումն է՝ որպես իրական ենթակառուցվածքային և տնտեսական ծրագիր։ Խոսքը վերաբերում է TRIPP-ի մեկնարկի կոնկրետ քայլերին՝

 

ծրագրի իրականացման համար պատասխանատու ընկերության հիմնում,

կառավարման և վերահսկողության կանոնների սահմանում,

ֆինանսավորման աղբյուրների ու պայմանների հստակեցում,

անվտանգության ռիսկերի գնահատում

շինարարությունը փուլ առ փուլ սկսելու լիարժեք պատրաստություն՝ հստակ փուլերով, ժամկետներով և պատասխանատուներով։

 

Օրակարգի երկրորդ ուղղությունը խաղաղ միջուկային համագործակցությունն է։ Քննարկման առարկան նոր միջուկային հզորության վերաբերյալ որոշման հստակեցումն է՝ կիրառվող տեխնոլոգիա, ֆինանսավորման մոդել, անվտանգության ստանդարտներ, ժամանակացույց և տեղական մասնագիտական կարողությունների զարգացում։ Սա վերաբերում է երկրի երկարաժամկետ էներգետիկ կայունությանը և համակարգի կանխատեսելիությանը։

 

Երրորդ ուղղությունը բարձր տեխնոլոգիաներն են՝ կիսահաղորդիչներ և արհեստական բանականություն։ Այստեղ սպասվում է անցում ընդհանուր համագործակցության ձևակերպումներից դեպի կոնկրետ նախագծեր՝ տվյալների կենտրոնների և հաշվարկային հզորությունների զարգացում, կրթական և հետազոտական ծրագրեր, ամերիկյան ընկերությունների մասնակցություն և աշխատատեղերի ստեղծում։ Արդյունքի չափանիշը ենթակառուցվածքների և մասնագիտական թիմերի գործարկումն է Հայաստանում։

 

Փոխնախագահ Վենսի այցը պետք է դառնա այն կետը, որտեղ հայ-ամերիկյան հարաբերությունները մտնում են գործնական, ինստիտուցիոնալ փուլ՝ հստակ որոշումներով, պատասխանատվությամբ և չափելի արդյունքներով՝ ինչն է սկսվում հիմա, ինչպես է իրականացվում և ինչ արդյունք է տալիս Հայաստանի անվտանգությանը, տնտեսությանը և երկարաժամկետ կայունությանը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում