Վերջին օրերին Ադրբեջանը «Պոլոնեզ»-ներով թիրախավորել է բացառապես քաղաքացիական օբյեկտներ.Արտակ Բեգլարյան
Վերջին օրերին Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել է կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր, հիմնականում կանոնավոր եւ խիտ կերպով թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները եւ հարակից բնակավայրերը, ինչպես նաեւ Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր պարբերաբար հրթիռակոծության ու հրետակոծության են ենթարկվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Նաեւ որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրթիռակոծության ենթարկվում: Տեղյակ եք երեկ երեկոյի դեպքերից: Ըստ մեր վերլուծության, նրանք կիրառել են «Պոլոնեզ» տիպի հրթիռներ եւ թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ եւ արտադրական նշանակության օբյեկտներ: Վնասվել են բնակելի տներ, խոշոր տրամաչափի գազատար խողովակ, արտադրական նշանակության որոշ օբյեկտներ:
Ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր եւ կրկին ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն Ժնեւյան կոնվենցիաներով: Բարեբախտաբար զոհեր, վիրավորներ չեն արձանագրվել, բայց բավականին շատ նյութական վնասներ են եղել»,-ընդգծեց Բեգլարյանը:
Կարծիքներ