Shopify-ը եւ PayPal-ը արգելափակել են Թրամփի հետ կապված խանութներն ու հաշիվը

Shopify-ը եւ PayPal-ը արգելափակել են Թրամփի հետ կապված խանութներն ու հաշիվը

Առցանց խանութների ծրագրային ապահովման կանադական Shopify ընկերությունը իր հարթակից հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված խանութները՝ հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Նման որոշում է կայացրել նաեւ PayPal վճարային համակարգը: Նա փակել է հաշիվը, որը գումար էր հավաքում եւ օգնում էր Թրամփի կողմնակիցներին հասնել Վաշինգտոն, հաղորդում է Bloomberg-ը:

Shopify-ի արգելափակման պատճառով դադարել են աշխատել TrumpStore.com եւ shop.donaldjtrump.com խանութները, որոնք վաճառում էին նախագահի պաշտոնական խորհրդանիշներով իրեր՝ Make America great again գրառմամբ բրենդային գլխարկներ եւ այլ ապրանքներ, հաղորդում է РБК-ն։

Ընկերությունը հայտարարել է, որ Թրամփի գործողությունները խախտում են իր այն քաղաքականությունը, որն արգելում է վաճառողներին խթանել կամ աջակցել բռնությանը նպաստող մարդկանց կամ ըկերություններին: Shopify-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ խանութների մուտքն արգելափակվել է այն բանից հետո, երբ ընկերության փորձագետները Թրամփի հունվարի 6-ի հայտարարությունները համարել են կանոնների խախտում:

Նա չի հստակեցրել, թե նախագահի որ խոսքեր են իրենք համարել խախտում, սակայն այդ օրը Թրամփը Վաշինգտոնում իր կողմնակիցների ցույցի ժամանակ հայտարարել է, որ երբեք չի ընդունի պարտությունը: «Դուք չեք կարող ընդունել պարտությունը, երբ բանը վերաբերում է գողությանը»,- բացատրել է նա: Twitter-ը հետագայում փակել է Թրամփի այս եւ այլ հաղորդագրությունները, այնուհետեւ արգելափակել է նրա հաշիվը: Facebook-ը, Instagram-ը, Twitch-ը, Snapchat-ը հետեւել են նույն օրինակին:

PayPal-ը, իր հերթին, հայտարարել է բողոքների պատճառով քաղաքականության խախտման մասին: «PayPal-ը ուշադիր ստուգում է հաշիվները, որպեսզի երաշխավորի, որ մեր ծառայություններն օգտագործվում են մեր երկարամյա քաղաքականությանը համապատասխան»,- ասել են ընկերությունում: «Մենք թույլ չենք տալիս PayPal ծառայության օգտագործումը ատելություն, բռնություն կամ անհանդուրժողականության այլ ձեւեր քարոզելու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում