Կրթության զարգացումը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն. վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը նախորդ քննարկման արդյունքում լրամշակվել է, ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերը նշված պետական ծրագրում լրամշակման արդյունքում իրականացված փոփոխություններին, ծրագրի տեսլականին և նպատակներին: Պատասխանատուներն ընդգծել են, որ ծրագրի հիմնական խնդիրն է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող, մրցունակ կրթություն:
Նշվել է, որ ծրագիրը մշակվել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթների ներկայացման համատեքստում կարևորվել է բուհերի կողմից որակյալ կրթության տրամադրումը, վերջիններիս՝ սահմանվելիք հստակ չափորոշիչներին համապատասխանեցումը և բուհական համակարգում առկա խնդիրների հետևողական լուծումը:
Անդրադարձ է կատարվել բուհերի լիցենզավորման, հավատարմագրման գործընթացներին, գերատեսչական բուհերի հետագա գործունեությանը, աշխատաշուկայի մասնագիտական պահանջներին համապատասխան որակյալ կադրերի պատրաստմանը, մասնագիտությունների նոր ամբողջական ցանկի մշակմանը վերաբերող մի շարք հարցերի: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետ Փաշինյանն առանձնակի կարևորել է կրթության որակի բարձրացմանն ուղղված հետևողական աշխատանքների իրականացումը և նշել, որ մարդն իր ստացած կրթության արդյունքում պետք է կարողանա հոգալ կարիքները: «Մարդուն պետք է մանկությունից օժտել գիտելիքով, հմտություններով, որպեսզի նա կարողանա սեփական երկրում կառուցել արժանապատիվ կյանք: Մենք պետք է բացառենք մի իրավիճակ, որ համապատասխան առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով բուհերի զարգացման միջոցառումների հստակ ծրագիր ունենալը, որը թիրախային կլուծի առկա խնդիրներն ու կնպաստի բուհական համակարգի զարգացմանը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է բուհերում հետազոտական բաղադրիչի առկայությունը, գիտության և բարձրագույն կրթության կապի ապահավումը: «Կրթության զարգացումը կապված է մեր երկրի ապագայի հետ, այն մեզ համար ունի ռազմավարական նշանակություն»,- նշել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումների շարունակումը՝ դրանք վերջնական տեսքի բերելու նպատակով:
Կարծիքներ