Ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթող
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը դարձել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ Զագրեբում ընթացող վարկանիշային մրցաշարի հաղթող:
Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 12:1 հաշվով վստահ առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի նկատմամբ: Քառորդ եզրափակչում 65 կգ քաշային հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցչին: Կիսաեզրափակչում Թևանյանը 9:1 հաշվով հաղթանակ է տարել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Սեբաստիան Ռիվեյրայի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ:
Եզրափակչում հայ ըմբիշը պետք է գոտեմարտեր աշխարհի 2022 թվականի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլիի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից:
Նշենք՝ Թևանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Զագրեբի մրցաշարում: Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։
Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը։
Կարծիքներ