Ոստիկանությունը զգուշացնում է

Ոստիկանությունը զգուշացնում է

Ամռան ամիսներին ավելանում է բնակարանային գողությունների թիվը, և պատճառները պարզ են: Ամռանը ընտանիքով հանգստի մեկնելը պատճառներից մեկն է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ տևական ժամանակ տունը դատարկ թողնելը բնակարանային գողերի համար նպաստավոր պայման է, իսկ փորձառու բնակարանագողերի համար մեկ օրը չէ, հաշված ժամերն էլ բավական են՝ գործը գլուխ բերելու համար: 

«Կարելի է խնդրել հարևաններին ուշադիր լինել և երբեմն հսկել ձեր բնակարանի դուռը, կասկածելի շարժ նկատելիս զանգել ոստիկանություն: Տանը մի՛ թողեք փող ու թանկարժեք իրեր, մի՛ կարծեք, թե տան ձեր թաքստոցը հուսալի է. բնակարանագողերը լավ գիտեն, թե որտեղ կարող են լինել այդ տնայնական թաքստոցները: Չհրկիզվող պահարանները նույնպես հուսալի չեն: Եղել են դեպքեր, երբ փողն ու թանկարժեք իրերը տարել են «սեյֆով» հանդերձ: Ավելի լավ է դրանք հանձնել բանկ կամ ի պահ տալ վստահելի մարդու: Չմոռանաք նաև, որ առաջին-երկրորդ հարկերի բնակարանների դեպքում անվտանգության պարտադիր պայման են պատուհանների ճաղավանդակները:

Շոգին մեր քաղաքացիների մի մասը դռներն ու պատուհանները կրնկի վրա բաց է թողնում, ինչը նույնպես բնակարանագողերի համար լավագույն տարբերակ է: Ի վերջո, բոլորովին էլ դժվար բան չէ` բաց դռնով մտնել տուն ու միջանցքից թռցնել պայուսակ, դրամապանակ, բջջային հեռախոս: Հարկավոր է ընդամենը դաստիարակության թերություն և մի փոքր էլ հանդգնություն: Փոքր կորստի դեպքում տերերը հարկ չեն համարում դիմել ոստիկանություն: Այնինչ նման հանդուգն գողերը շատ չեն, և նրանց մեկուսացնելն էապես կնվազեցնի նմանատիպ հանցագործությունների հավանականությունը:

Ամառային մեկ այլ վտանգ էլ ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Մեկ-երկու օրով հանգստի գոտի մեկնողերի զգոնությունն էլ պետք է տեղում լինի: Այո, կարող է մղում լինել՝ րոպե առաջ հասնել Սևան ու մտնել ջուրը: Ոստիկանությունը հորդորում է հինգ րոպե ուշ հասնել, բայց՝ հասնել: Հիշեք, որ ծանր հետևանքներով վթարների զգալի մասը արագության գերազանցման հետևանք են և ոչ միայն:

Ոստիկանությունը կտրականապես և հետևողականորեն հորդորում է թեկուզ քիչ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել: Խնդրում ու պահանջում ենք միշտ հիշել, որ մեքենա վարելը հսկայական պատասխանատվություն է նաև մտերիմների ու հարազատների հանդեպ: Մի հորդոր էլ այդ մտերիմներին ու հարազատներին. թույլ մի՛ տվեք, որ մեքենան վարեն ալկոհոլ օգտագործած վիճակում:

Եվ դարձյալ ալկոհոլի մասին: Յուրաքանչյուր բժիշկ կամ փրկարար խորհուրդ կտա խմած վիճակում չմտնել սառը ջուրը: Սրտի կանգ, կաթված, ջրահեղձում... Իսկ ոստիկանության մտահոգությունները քիչ այլ են: Թեև որոշակիորեն նվազել են հանգստի գոտիներում արձանագրվող միջադեպերը, բայց դրանք կան և հիմնականում խմած մարդկանց անհիմն ու անհեթեթ վեճերի հետևանք են: Մարմնական վնասվածքներ, հիվանդանոց ու ոստիկանություն տեղափոխված անձինք. այնինչ մեկնել էին առօրյա հոգսերից կտրվելու, զվարճանալու, զովանալու նպատակով:

Դեպքերի նվազումը, իհարկե, պայմանավորված է նաև հանգստի ակտիվ գոտիներում ոստիկանների ամենօրյա ու շուրջօրյա ծառայությամբ: Այդպես կլինի նաև այս տարի, բայց հորդորում ենք լինել հանդուրժող, հարգել մեկմեկու իրավունք և չմոռանալ հանգստի գոտի մեկնելու նպատակը, որի մեջ ոչ մի կերպ չեն տեղավորվում վեճն ու կռիվը»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում