Պատգամավորը պատրաստվում է դատի տալ այն անձանց, որոնք իր անունը կապում են Նիգավանում տեղի ունեցած զինված միջադեպի հետ
Ողբերգությունը հաշվի չեն առնում, լկտիաբար ստեր են հորինում: Մարդիկ նույնիսկ սահմանում կատարվող դեպքերի հետ կապված են քաղաքական դիվիդենտներ հավաքում, ինչի մասին է խոսքը:
Անդրադառնալով երեկ Նիգավանում տեղի ունեցած զինված միջադեպին և դրա հետ կապված իր անունը շրջանառելուն՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:
Պատգամավորի խոսքով՝ պատրաստվում է դատի տալ բոլոր այն անձանց, որոնք շոշափել են իր և իր հարազատների անունները. «Բոլոր այն մարդիկ, որոնք սուտ և զրպարտանք են տարածում, պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Վերջինիս հավաստմամբ՝ Ապարանը ապարանցիների համար մի մեծ տուն է, բոլորն իրար ճանաչում են և հարազատաբար ընդունում:
«Ապարանում նման մթնոլորտ, ինչպես իրենք են ներկայացնում, երբեք չի եղել: Ես, որքան տեղյակ եմ, մեքենաներով իրար չեն զիջել, ինչից հետո տեղի է ունեցել նման ողբերգություն, և մենք սգում ենք»,- շեշտեց նա:
Պատգամավորը նաև նշեց, որ ճանաչում է մահացածներին և նրանց ընտանիքներին:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ զինված միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան: Միջադեպի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի մահվան մասին հայտնի դարձավ երեկ ուշ երեկոյան:
Որոշ լրատվամիջոցներ դեպքի մասին հրապարակումներում նշում էին, թե միջադեպը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հարազատների, Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել են երիտասարդների վրա։ Երեկ երեկոյան շրջանառվող տեղեկությունները հերքեցին Մաթևոս Ասատրյանն ու ՀՀ ոստիկանությունը:
Այսօր արդեն ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ հայտնեց դեպքի վերաբերյալ՝ նշելով, որ մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներից մեկը ևս մահացել է, գործով կա ձերբակալված:
«2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ:
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս:
Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:
Արդյունքում հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ»,- ասվում է քննչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
Կարծիքներ