Շրջանառության մեջ է դրվել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը որպես առաջնահերթություն դիտարկելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ նպատակով՝ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի աջակցության հետևյալ տեսակները՝
- դրամական աջակցություն,
- առողջության ապահովագրություն,
- բնակարանային պայմանների բարելավման աջակցություն,
- բնակարանի/տան տրամադրում,
- կրթության վճարի փոխհատուցում,
- պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում,
- աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Այսպիսով՝ բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը։
Նախագծի վերաբերյալ կարծիք և առաջարկ ներկայացնելու համար խնդրում ենք անցնել հղումով»:
Կարծիքներ