Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, թշնամուն հաջողվել է մոտենալ, մարտերը չեն դադարում․ ՊՆ ներկայացուցիչ
Ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում գիշեր թե ցերեկ: Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ես երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց, ինչպես երևում է, հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունը իրագործելու պլանները: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական: Ծանր մարտեր են ընթանում, որ Շուշին դիմակայի, մնա կանգուն»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ, փաստորեն, արդեն 3-րդ օրը շարունակվում են այս մարտերը:
Նրա խոսքով՝ մարտեր են ընթանում նաև Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարին տակ, Լիսագոր և այլ հատվածներում: «Երբ այս ծանր մարտերն ընթանում են, և Շուշին պայքարում է մինչև վերջ, հայ զորականը պայքարում է մինչև վերջ, մեր բոլորիս պարտքն է հավատալ, վստահել հայ զինվորականին, և այս պահին տեղին չեն որևէ այլ տեսակի դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման, նահանջի մասին մտքերը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե անգամ նահանջում ենք, զորքը պետք է պահի իր մարտունակությունը:
Կարծիքներ