Ովքեր են Ադրբեջանի տեսանյութում զինվորական ներկայացվածները, ուր են գնացել «ՈՒԱԶ»-ով․ ԱՀ ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել

Ովքեր են Ադրբեջանի տեսանյութում զինվորական ներկայացվածները, ուր են գնացել «ՈՒԱԶ»-ով․ ԱՀ ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է Ադրբեջանական տեսանյութում որպես ռազմական մեքենա ու զինծառայողներ ներկայացված Արցախի խաղաղ բնակիչների լուսանկարները, որոնք Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողների և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են դեպի Շուշիի շրջանի Հին շեն գյուղ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:

ԱՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ ասված է․

«Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողներն ԱՀ խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղեկցել են դեպի Շուշիի շրջանի Հին շեն գյուղ։

Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին «ՈւԱԶ» մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը:

Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել ևս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում»:

Գրառմանը կից հրապարակվել են հետևյալ լուսանկարները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում