Երևանի աղբահանություն հիմնարկի 853 հաստիքին կավելացվի 138-ը. Կամո Արեյանի խոսքով՝ վերահսկողությունն ուժեղացնելու համար է
Երեւանի ավագանին այսօր հերթական նիստի ժամանակ հաստատեց «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի որոշումը փոփոխության ենթարկելու մասին նախագիծը:
Փոփոխման ենթարկվեց հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը: Նախագիծը զեկուցեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Գործող հաստիքացուցակով հաստատված է 853 հաստիք: Ըստ Արեյանի՝ նոր հաստիքների ավելացումը կազմում է 138 միավոր:
Քաղաքապետի խորհրդականի փոխանցմամբ՝ վերջին երկու տարվա փորձը ցույց է տվել, որ համալրված են լինում միջինում 760 միավոր հաստիքներ: Մոտ 90 միավոր հաստիք մշտապես թափուր է մնում:
«Ստեղծման օրվանից մինչ օրս հիմնարկը տարբեր ժամանակահատվածներում փուլ առ փուլ համալրվել է տեխնիկայով, եւ այսօր առկա է ընդհանուր թվով 120 միավոր տեխնիկա (աղբատար, փոշեկուլ, տրակտորներ, ինքնաթափ եւ բազմաֆունկցիոնալ մեքենաներ): Հիմնարկի ստեղծման օրվանից աշխատանքների ծավալները տարեց տարի ավելանում են»,-մանրամասնեց Արեյանը:
Նրա խոսքով՝ այս ընթացքում բազմաբնակարան շենքերի գործող թվով 3415 աղբախցերի ավելի քան 90%-ը փակվել եւ կոնսերվացվել է, որոնց աղբահանությունն իրականացվում էր այլ կազմակերպությունների միջոցով: Փակվող եւ կոնսերվացվող աղբախցերի փոխարեն բազմաբնակարան շենքերի աղբը գեներացվում է նոր տեղադրված աղբամաններում, որտեղից աղբահանությունը իրականացնում է հիմնարկը:
«Բացի այդ, հիմնարկի գործող կառուցվածքում առկա է որոշ անհամապատասխանություններ, օրինակ՝ ներկայիս կառուցվածքում անձնակազմի կառավարման բաժինը ներառված է Ֆինանսատնտեսական բաժնում, եւ մեկ բաժնում առկա է երկու բաժնի պետ՝ ֆինանսատնտեսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ եւ անձնակազմի կառավարման բաժնի պետ»,- նկատեց Արեյանը՝ հավելելով՝ անձնակազմի կառավարման բաժնի պետի հաստիքի պաշտոնային դրույքաչափը հավասարեցված է շարքային հաշվապահի պաշտոնային դրույքաչափին: Նույն բաժնի մեջ են մտնում նաեւ տնտեսվարն ու վարչական շենքի հավաքարարները:
Աղբահանության վարորդները ներառված են աղբահանության բաժնում, բազմաֆունկցիոնալ մեքենաների վարորդները՝ սանմաքրման բաժնում, սակայն տրանսպորտային միջոցները գտնվում են գլխավոր ինժեների եւ տեխնիկական միջոցների պատասխանատու ինժեներների պատասխանատվության ներքո: Աղբամաններ ախտահանող բանվորները ներառված են սանմաքրման բաժնում:
Ըստ Արեյանի՝ վերոնշյալ հանգամանքների պայմաններում հիմնարկի գործող կազմակերպական կառուցվածքով հնարավոր չէ իրականացնել կանոնադրական նպատակները:
Նա նշեց, որ ելնելով վերոգրյալից՝ առաջարկում են կազմակերպական կառուցվածքի եւ հաստիքացուցակի փոփոխություն:
Գործառույթների հստակեցման եւ տարանջատման արդյունքում նոր տարբերակում առաջարկվում է նոր ստորաբաժանումներ: Հիմնարկի գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար պահանջվող անհրաժեշտ հաստիքները ձևավորվել են թափուր հաստիքների փոխարեն, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի աղբախցերի փակման և կոնսերվացման արդյունքում առաջացած տնտեսումների հաշվին:
Արեյանը նկատեց՝ գործող հաստիքացուցակի համեմատ նոր հաստիքների ավելացումը կազմում է 138 միավոր: Մնացած հաստիքների վերադասավորումն ու ավելացումը իրականացվում են՝ ի հաշիվ առկա թափուր հաստիքների. «138 նոր հաստիքների ֆինանսավորումն իրականացվելու է բազմբնակարան շենքերի աղբամուղերի եւ աղբախցերի փակման եւ կոնսերվացման արդյունքում առաջացող տնտեսումների հաշվին: Հետևաբար հիմնարկի 2022թ հաստատված բյուջեի ավելացում տեղի չի ունենում»:
Քաղաքապետի խորհրդականի դիտարկմամբ՝ այս փոփոխություններն արվում են հիմնարկում վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: «Տնօրենի մոտ ավելացնելու ենք 4 հսկող հաստիք, որոնք անմիջապես պիտի հսկեն ամբողջ քաղաքը, հերթափոխի պետերին, ինչպես նաեւ՝ մոնիթորինգի վրա չվացուցակը»,- եզրափակեց նա:
Կարծիքներ