Պատերազմը և Ադրբեջանի ԶՈՒ-ի ապօրինի ներկայությունը ՀՀ բնակավայրերի հարևանությամբ սկզբունքորեն փոխել են ՄԻՊ-ի գործունեության ուղղությունները. Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրեց «2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստին:
Մինչ ներկայացնելը Գրիգորյանն ընդգծեց, որ այն արտացոլում է նախորդ պաշտպանի հրապարակած հաղորդման ու զեկույցի բովանդակությունը:
«Առաջին անգամ է, որ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ամբողջ ժամկետի ավարտը»,- նշեց Գրիգորյանը:
«2020 թվականին ադրբեջանական լայնածավալ հարձակումները և ադրբեջանական ԶՈՒ-ի ապօրինի ներկայությունը Հայաստանի բնակավայրերի հարևանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: Նախորդ տարում ինտենսիվ աշխատանք է տարվել ռազմական գործողությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու, անհրաժեշտ իրավական գնահատականներ տալու և դրանք հանրությանն ու միջազգային կառույցներին ներկայացնելու համար: Պետք է նկատի ունենալ, որ հաստատությունն այս աշխատանքը կատարել է համավարակի պայմաններում»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ հաշվետու տարում ՄԻՊ-ը պարբերական այցեր է կատարել սահմանամերձ բնակավայրեր, տեղում մանրամասն ուսումնասիրվել են բնակիչների կենսապահովման պայմանները, առանձին իրավունքների ապահովման հետ կապված հարցերը:
«Այցերի արդյունքում մշակվել և իրավասու մարմիններին են փոխանցվել բնակիչների մտահոգությունները: Պաշտպանի կողմից, որպես հիմնարար առաջարկություն, ներկայացվել է Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերի հարևանությամբ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը»,- ասաց Գրիգորյանը:
Կարծիքներ