Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրն ընդլյայնվում է, հասանելի կլինի Գյումրիում, Վանաձորում

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրն ընդլյայնվում է, հասանելի կլինի Գյումրիում, Վանաձորում

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակում շուրջ 1 000 շահառու ստացել է անվճար բուժօգնություն: ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը նշեց, որ տարեցտարի ավելանում է շահառուների թիվը:

«Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի փետրվարին, և մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել շուրջ 1 000 քաղաքացի: Տարիների դինամիկան ցույց է տալիս, որ շահառուների թիվն ավելանում է: 2019 թվականին պետական բյուջեից  ծրագրի համար փոխանցվել է 650 մլն դրամ, 2020 թվականի 870 մլն դրամ, իսկ 2021 թվականի համար 1 մլրդ 100 մլն դրամ է նախատեսված: Ասեմ, որ ծրագրից ոչ ոք դուրս չի մնում, բուժառուների թվի ավելացմանը զուգահեռ ավելանում են պետական բյուջեի հատկացումները»,- ասաց Արմինե Աղաջանյանը:

 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանը նշեց, որ շահառուները բոլոր տարիքային խմբերի այն բուժառուներն են, որոնք համապատասխանում են ծրագրի չափանիշներին: Սահմանված է, որ հիվանդը պետք է առաջին 4 ժամերին հասցվի հիվանդանոց, դրանից բացի, բուժառուները չպետք է ունենան հակացուցում սահմանված դեղորայքը կամ բժշկական միջամտությունը ստանալու համար:

«Կաթվածները հիմնականում հանդիպում են բարձր տարիքային խմբերում՝ 65 և ավելի: Ասեմ, որ նկատվում է հիվանդության երիտասարդացում: Խնդիրն ընդհանրապես ավելի շատ տղամարդկանց մոտ է հանդիպում, սակայն երիտասարդների շրջանում կանայք են գերակշռում՝ պայմանավորված հղիության բարդություններով, համակարգային հիվանդություններով, հակաբեղմնավորիչների ընդունմամբ»,- ասաց Եկատերինա Հովհաննիսյանը: Մասնագետի խոսքով, մոտ 90 տոկոսով հնարավոր է կանխարգելել գլխուղեղի կաթվածը, անհրաժեշտ է ռիսկի գործոնները (զարկերակային ճնշումը, հիպերխոլեստերինը, ավելորդ քաշը, շաքարային դիաբետը) հաշվի առնելով` կառավարել դրանք: 

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը նկատեց, որ ծրագիրը տալիս է իր արդյունքները: Եթե մինչև ծրագրի ներդրումը գլխուղեղի իշեմիկ կաթվածով խոշոր անոթի վնասման դեպքում բուժառուների 2/3-ը ձեռք էր բերում կամ ծանր հաշմանդամություն, կամ մահանում էր, ապա ծրագրի շրջանակում բուժում ստացած բուժառուների շուրջ 70 տոկոսը դառնում է ինքնասպասարկվող: Ինչը բավական լավ ցուցանիշ է: Գլխուղեղի անոթային հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը 2005 թվականին 4 հազար է եղել, 2010 թվականին՝ շուրջ 3 հազար, 2015 թվականին՝ 2 հազար 400 և 2019 թվականին մոտ 2 հազար է: 

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է այն ընդլայնել՝ ծառայությունը հասցնելով նաև մարզեր: Առաջիկայում այն կկիրառվի Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում: Շուտով կսկսվեն մասնագետների վերապատրաստման աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում