Գործի են դրվել դիվանագիտական բոլոր ջանքերը. ԱԳ նախարարը՝ Արցախում գազամատակարարման խնդրի մասին

Գործի են դրվել դիվանագիտական բոլոր ջանքերը. ԱԳ նախարարը՝ Արցախում գազամատակարարման խնդրի մասին

Արցախում ադրբեջանական կողմի միջամտության հետևանքով գազի մատակարարման դադարեցման հարցով ՀՀ ԱԳՆ-ն գործի է դրել դիվանագիտական բոլոր ջանքերը, միջազգային գործընկերներից արդեն ստացվում են արձագանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ՔՊ-ից Տաթևիկ Գասպարյանի հարցին, թե ԱԳՆ-ն ի՞նչ աշխատանքներ է տանում միջազգային ասպարեզում՝ ներկայացնելու Արցախում գազի մատակարարման դադարեցման և ցուրտ պայմաններում ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ ստեղծելու Ադրբեջանի գործողությունները:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ ինչպես առաջին անգամ գազամատակարարման խափանման դեպքում, այնպես էլ երկրորդ անգամ գազամատակարարման խափանման դեպքում անմիջապես գործի են դրել դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը: «Մենք նախևառաջ սերտ, պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ: Վթարը, կամ այս դեպքում արդեն պարզ չէ, թե ինչպես անվանել դա… ամեն դեպքում վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում: Եվ առաջնային մեր կապը ռուսաստանյան գործընկերների հետ կա, բայց կա նաև ողջ մնացյալ արտաքին քաղաքակիրթ աշխարհի հետ»,-ասաց Միրզոյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԳՆ-ն նախորդ օրը հայտարարություն է  տարածել, բացի դրանից տեղի ունեցածի մասին նոտա է հղվել բոլոր միջազգային գործընկերներին: ԱԳ նախարարի վստահեցմամբ՝ արդեն արձագանքներ ստացվում են: Միրզոյանը նշեց, որ նախորդ անգամ գազամատակարարման դադարեցման ժամանակ ՀՀ վարչապետն է խոսել և ԱՄՆ պետքարտուղարի հետ, և ՌԴ նախագահի, և Ֆրանսիայի նախագահի հետ, ԱԳՆ-ն ևս իր հերթին՝ իրեն հասանելի խողովակներով արել է հնարավոր ամեն ինչ խնդիրը բարձրաձայնելու համար: «Նույնը և այս անգամ: Արդեն արձագանքները տեսնում ենք: Նաև մեր ջանքերի արդյունքում են այդ աշխատանքները»,-ասաց Միրզոյանը՝ ցավով ընդգծելով, որ հարցը դեռ լուծված չէ:

Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար խողովակի պայթելու պատճառով: Ադրբեջանական կողմը  թույլ չէր տալիս հայկական կողմին, ռուս խաղապահներին մոտենալ Արցախ մտնող միակ գազատար խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել էր գազի մատակարարումը: Արցախից հայտարարել էին՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում