Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում իր ներկայացուցչին

Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում իր ներկայացուցչին

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործադիր մարմիններում իր ներկայացուցչին: Այս մասին Интерфакс-ին հայտնել են Մոլդովայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում:

Որոշում է ընդունվել, որ Թեոդոր Յովուն հետ է կանչվում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի փոխտնօրենի, տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնից։ Որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 14-ից։ Յովուն այս պաշտոնում նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերին։

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն կառավարության նիստում ասել է, որ «որոշումն ընդունվել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահների նշանակման և ռոտացիայի համար քվոտաների հատկացման մասին համաձայնագրի դրույթների հիման վրա»: Փետրվարի սկզբին Մոլդովայի խորհրդարանը հետ էր կանչել ԱՊՀ-ի անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարությունում իր ներկայացուցչին։ Տեղեկատվական գրության մեջ նշվել է, որ «որոշումն ընդունվել է միջխորհրդարանական կազմակերպությունների վարչական մարմիններում Մոլդովայի խորհրդարանի մշտական ​​ներկայացուցիչների գործունեության քննարկման արդյունքում»։

Բացի այդ, փետրվարին Պոպեսկուն հայտարարել էր, որ Մոլդովան սկսում է ԱՊՀ-ի շրջանակներում մի քանի տասնյակ համաձայնագրերից դուրս գալու գործընթաց։ Նրա խոսքով՝ հանրապետությունը մասնակցում է ԱՊՀ-ի շուրջ 330 համաձայնագրերի, որոնցից շատերը վերանայման կարիք ունեն։

Նա հիշեցրել է, որ Մոլդովան մտադիր է անդամակցել ԵՄ-ին, ուստի «արտաքին քաղաքականության բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններին  ստորադասվելու են եվրոպական ինտեգրմանը»։ «Ելնելով դրանից՝ մեր նպատակներին անհամատեղելի ԱՊՀ-ի համաձայնագրերից դուրս գալը կշարունակվի», - հայտարարել է Պոպեսկուն և նշել, որ միայն ՆԳՆ-ի գծով պլանավորվում Է դուրս գալ մոտավորապես 20 համաձայնագրից:

2022 թ.-ին Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն ասել էր, որ ԱՊՀ-ին Մոլդովայի մասնակցության նպատակահարմարության մասին որոշումը կկայացվի Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում