Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների խաղաղապահ ուժերի զորավարժությունները

Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների խաղաղապահ ուժերի զորավարժությունները

Ղրղզստանի Իսիկ Կուլի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսօր Ղրղզստանի Հանրապետության «Էդելվեյս» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի  «Անխախտելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունների ակտիվ փուլի բացման հանդիսավոր արարողությունը» - մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված հաղորդագրությունից։

Մամուլի ծառայության տվյալներով՝ վարժանքների հիմնական նպատակն է ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների կառավարման մարմինների և անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը։ Բացի այդ, միջոցառումները միտված են զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակվածության բարձրացմանը։

«Վարժանքների ընթացքում բարձր լեռնային պայմաններում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրներ՝ խաղաղապահ գործողության անցկացում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառմամբ և մարդասիրական օգնության տրամադրում», - նշված է հաղորդագրության մեջ։

Զորավարժություններին ներգրավված են խաղաղապահ ուժերի մոտ 1500 զինծառայողներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից, ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը։ Նաև մասնակցում են ավելի քան 200 միավոր հատուկ, զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, ռազմափոխադրական, կործանիչ և բանակային օդուժ, անօդաչու ավիացիա և մարտական նավակներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում