Մարմաշեն-Գյումրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

Մարմաշեն-Գյումրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 27-ին, ժամը 14։13-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խաչմերուկի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Մարմաշեն գյուղից դեպի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամաս տանող ավտոճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն․ Կ․-ն (ծնված 1971 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գ․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ն․ Կ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում