Արցախում վերջին օրերին չորս մահ է գրանցվել, որից մեկը 40 տարեկան կին էր․ Ա․ Բեգլարյան
Արցախի Պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրառում է արել․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք: Մեր բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի:
Վերջին օրերին ևս չորս մահ է գրանցվել, որից մեկը շուրջ 40 տարեկան կին էր՝ առանց ուղեկցող հիվանդությունների, բայց թոքերի բարձր տոկոսով ախտահարմամբ:
Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը ու հատկապես մեր խոցելի հարազատները կարող են լինել հաջորդ մահվան կամ ծայրահեղ ծանր դեպքի զոհը:
Ուստի, հորդորում եմ՝
1. Ամենուրեք պահպանել անվտանգության կանոնները՝ չվարակվելու և չվարակելու համար, ինչպես նաև հանրային անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել անվտանգության կանոնները չպահպանող անձանց հանդեպ, քանի որ նրանք վտանգի տակ են դնում այլոց (այդ թվում՝ ձեր) կյանքն ու առողջությունը:
2. Առանց տատանվելու գնալ և պատվաստվել, քանի որ դա բազմապատիկ անգամ նվազեցնում է վարակվելու և հատկապես մահանալու ու առողջությունը խեղելու հավանականությունը: Որքան էլ պատվաստումների մասին տարբեր տեղեկություններ լսեք, միևնույն է՝ անառարկելի փաստ է, որ բարձր տոկոսով պատվաստված հասարակություններում ծանր ու մահվան դեպքերը բազմապատիկ անգամ ավելի քիչ են:
Եվ այս ճշմարտությունը վկայում են նաև վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ-ում ու ԱՄՆ-ում իմ ունեցած փորձառությունը և զրույցները ծանրակշիռ մասնագետների հետ:
Ի դեպ, չեմ բացառում, որ վիճակի վատթարացման պարագայում մենք կարող ենք գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման, ինչպես արել և անում են բազմաթիվ զարգացած երկրներ:
3. Խուսափել մեծ կուտակումներով վայրեր այցելելուց:
4. Չտրվել գիտականորեն չապացուցված տեղեկություններին ու առասպելներին, քանի որ դրանք նույնքան վտանգավոր են ձեր կյանքի համար, որքան՝ կորոնավիրուսը:
Առողջություն, զգոնություն ու ողջախոհություն եմ մաղթում ձեզ:
Կարծիքներ