Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը 30 տարեկան է. հիվանդանոց են այցելել Շիրակի մարզպետն ու Արտակ Ջումայանը

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը 30 տարեկան է. հիվանդանոց են այցելել Շիրակի մարզպետն ու Արտակ Ջումայանը

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանադանոցը նշում է հիմնադրման 30-ամյակը: Այս առիթով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի, մարզպետարանի պատասխանատուների հետ կարճատև շրջայց է կատարել հիվանդանոցում, հետևել աշխատանքներին, որից հետո Գյումրու Հայորդյաց տան դահլիճում  մասնակցել է  հիվանդանոցի 30-ամյակին նվիրված միջոցառմանը։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Մարզպետը  շնորհավորել է հիվանդանոցի անձնակազմին օրվա առթիվ և նշել, որ գործունեության 30 տարիների ընթացքում  հիվանդանոցում աշխատել են նվիրյալներ․

«Մարզային մակարդակում մանկական հիվանդանոցի առկայությունն առավել  քան կարևոր է: Ուրախ եմ, որ տարբեր շահագրգիռ կողմերի ներդրած ջանքերի շնորհիվ կարողացել ենք մեր մարզում այս բացառիկ բուժհաստատությունը պահպանել։ Հիվանդանոցը, իսկապես, ինքնատիպ է, բազմապրոֆիլ և նեղ մասնագիտական ծառայությունների  մատուցումը  վկայում է այդ մասին»,-ասել է մարզպետը։

Նազելի Բաղդասարյանը խոսելով  հիվանդանոցի ձեռքբերումներից՝ նշել է, որ այն մրցակցային է ոչ միայն մարզային հիվանդանոցների մակարդակում, այլև հանրապետական նշանակության:

Առողջապահական ոլորտին միտված  պետական քաղաքականության արդյունքում վերջին տասնամյակի ընթացքում մայրական ու մանկական, ինչպես նաև մինչև հինգ տարեկան երեխաների մահացության կտրուկ նվազում կա երկրում։

Ըստ մարզպետի, հիվանդանոցի տարիների վաստակը նաև միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի և ճիշտ համագործակցության արդյունքն է։

Երախտագիտություն հայտնելով այն մարդկանց, ովքեր հիվանդանոցի հիմնադրման ակունքներում են՝  30-ամյակի առթիվ Նազելի Բաղդասարյանը շնորհակալագրեր է հանձնել բարերարներին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում