ՀՀ-Պորտուգալիա առևտրատնտեսական հուշագիր է ստորագրվել
Երևանում Հայաստանի և Պորտուգալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին նպաստող հուշագիր է ստորագրվել: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը, որը զբաղվում է օտարերկրյա և տեղական ներդրումների խթանմամբ ու սպասարկմամբ: Այս հուշագիրը պետք է օգնի երկու երկրի բիզնեսմեններին ավելի դյուրին մուտք գործել տեղական շուկաներ և ներդրումներ կատարել: Երևանում համոզված են՝ Հայաստանը կարող է գրավել պորտուգալացի ներդրողների ուշադրությունը:
«Արդեն ունենք ստորագրված տասնյակից ավելի այսպիսի համագործակցության հուշագրեր, որոնք խոսում են այն մասին, որ մենք համագործակցություն ենք ամրապնդում տվյալ երկրի հետ՝ տնտեսական համագործակցության, ներդրումներ ներգրավելու այդ երկրից: Ինչո՞վ է հետաքրքիր Հայաստանը. մասնավորապես ԵԱՏՄ շուկայի մասին է խոսքը, որպեսզի օտարերկրյա ներդրումների հոսքը լինի Հայաստան, և ընկերությունները բացեն գործարաններ, արտադրություններ»,- ասաց «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը:
«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ապագայում կարող է ավելի հետաքրքիր լինել: Այժմ Պորտուգալիայի բիզնես հանրությունը չգիտի Հայաստանի մասին: Սա Պորտուգալիայի տնտեսական և առևտրային շրջանակներին նման հնարավորություն ընձեռելու գործում առաջին քայլն է»,- ասաց AIСEP առևտրաներդրումային գործակալության գործադիր տնօրեն Լուիս Կաստրո Հենրիկեզը:
Կարծիքներ