Կապահովվեն կրթության, մշակութային և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 641,156.5 հազար դրամ ուղղել կապիտալ ծախսերի համար:
Մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 518,744.4 հազար դրամ Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման մեկնարկման, Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքերի կառուցման մեկնարկման, ինչպես նաև 3 մոդուլային դպրոցների կառուցման շարունակականության ապահովման համար։ Ըստ այդմ՝ կապահովվի մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարման, նախագծման և գույքային հագեցվածության ապահովումը:
Կառավարության որոշմամբ՝ Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր Իսրայել Միլիտոսյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ:
Նման որոշում ընդունվել է՝ կարևորելով հանրահայտ ծանրորդ և վաստակաշատ մանկավարժ Իսրայել Միլիտոսյանի ներդրած մեծ ավանդը սպորտի, մասնավորապես, ծանրամարտ մարզաձևի զարգացման, Գյումրու ծանրամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և դաստիարակության գործում: Մարզադպրոցի անվանակոչումը Իսրայել Միլիտոսյանի անվամբ՝ նրա տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:
Կարծիքներ