Ֆրանսիայի ԱԺ 40 պատգամավորներ Մակրոնին կոչ են անում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը եւ կանխել հայերի էթնիկ զտումը
Ֆրանսիայի խորհրդարանի 40 պատգամավոր նամակով դիմել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով ղարաբաղյան հակամարտությունում հրաժարվել չեզոքության դիրքորոշումից։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի նախագահ Գի Տեսիեն՝ հրապարակելով նախագահ Մակրոնին ուղղված իր նամակի տեքստը, որը ստորագրել է եւս 39 խորհրդարանական։
Նամակի նախաբանում ներկայացնելով սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունները՝ ֆրանսիացի պատգամավորը գրել է, որ Ֆրանսիան, ինչպես ամբողջ Եվրոպան, որի դարպասի մոտ կոնֆլիկտ է ընթանում, ներկա պայաններում չպետք է բավարարվի սառը երկչոտությամբ, որպիսին բնութագրվում է նրա դիրքորոշումը մինչ այժմ։ Չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական դիվանագիտությունը չի խնայում իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
«Ի դեպ, տարածաշրջանի այլ երկրներ նպաստել են, որպեսզի այդ չեզոքությունն անհնար դառնա»,- մատնացույց անելով Թուրքիային՝ գրել է պատգամավորը։
Կովկասում տեղի ունեցող այս ողբերգությանն առերեսվելով՝ ես Ֆրանսիային կոչ եմ անում գործել իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։ Միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախի Հանրապետությանը դուրս գալ այս անօրեն վիճակից, որը զրկում է նրան միջազգային ցանկացած աջակցությունից, անգամ մարդասիրական, եւ դա քաջալերում է Ադրբեջանին եւ Թուրքիային էթնիկ զտում իրականացնել՝ իբրեւ համառ քաղաքական լուծում։
Ես ինձ թույլ եմ տալիս հավելել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի այս նախադասությունը. «Ես կույր եմ, բայց գործում եմ, մինչդեռ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում»,- Էմանուել Մակրոնին ուղղված նամակը ավարտել է Գի Տեսիեն։
Կարծիքներ