Հայաստանում կստեղծվի երկարաժամկետ մրցունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող. կառավարությունը որոշում է ընդունել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու և պետբյուջերում ու նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Ըստ այդմ՝ առաջարկվում է ֆոնդի կանոնադրական կապիտալում նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով ներդնել 4 մլրդ 733 մլն 720 հազար դրամ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և ընկերության օգտին տեղաբաշխելու միջոցով։ Հիմնավորման համաձայն՝ 2021 թ. հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիա» (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են ՀՀ-ում ստեղծել ազգային ավիաընկերություն: Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար ֆոնդը պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,733,720,000 դրամ, իսկ «Էյր Արաբիա» ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով: Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է «Էյր Արաբիան»: Նոր ազգային ավիաընկերության ստեղծումը մեծապես կնպաստի երկրում արագ աճ գրանցող զբոսաշրջության և հարակից ոլորտների ներուժի օգտագործմանը, ինչպես նաև տնտեսական ակտիվությանը՝ ՀՀ քաղաքացիներին ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորությամբ:
Կարծիքներ