Հադրութի, Ջաբրայիլի, Դավիթ Բեկի հատվածներից հայտնաբերվել է 8 աճյուն
Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի, Ջաբրայիլի հատվածներից և Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի սահմանակից տարածքից հայտնաբերվել են 7 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Զոհված քաղաքացու աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղից: Նրա ինքնությունը ճանաչել են հարազատները: Զոհված քաղաքացին Հադրութ քաղաքի բնակիչ, 1976 թվականին ծնված Արսեն Ղահրամանյանն է: Այգեստանից հայտնաբերվել է նաև մեկ զինծառայողի աճյուն: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացիական անձի զոհվելու հանգամանքներն ու զինծառայողների ինքնությունը պարզելու համար: Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել է 1246 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ են իրականացվում՝ Հադրութի, Ֆիզուլու, Ջրականի (Ջաբրայիլ),Կովսականի (Զանգելան) ուղղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:
Կարծիքներ