Նազելի Բաղդասարյանը բժշկական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է պատվաստումային գործընթացին վերաբերող հարցեր
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ:
«Աշխատանքում խիստ հետևողականություն ցուցաբերելով ու արագ արձագանքելով, հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ու հոգացավ վերաբերմունքով կկարողանանք պայքարել համավարակի դեմ ու զերծ մնալ նոր բռնկումներից ու ալիքներից»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համավարակի դեմ պայքարի միջոցառումների իրականացումն ու պատվաստումային գործընթացին վերաբերող հարցեր։ Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը ներկայացրել է պատվաստումների ցուցանիշները:
Ըստ այդմ, հունվարի 31-ի տվյալներով, մարզում առաջին դեղաչափ ստացել է 74 839 քաղաքացի, այսինքն՝ 18-ից բարձր քաղաքացիների 42,5 տոկոսը։ Մարզպետը կարևորել է գործընթացի ակտիվացումը, քաղաքացիների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։
«Առողջության առաջնային պահպանման օղակի ծանրաբեռնվածությունն այս փուլում մեծացել է, ինչը բնական է, այստեղ պետք է հնարավորինս աչալուրջ լինել, ակնկալում եմ բոլորի համագործակցված աշխատանքը, որը կբերի բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման և հիվանդներին ժամանակին և որակով բուժօգնություն ցույց տալուն»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նշվում է, որ հունվար ամսին կատարվել է 894 նմուշառում, որից 283 քաղաքացու մոտ թեստավորման պատասխանը եղել է դրական։ Այսօրվա դրությամբէ դրական թեստավորմամբ առաջնային օղակում 363 քաղաքացի է հսկողության տակ։
Կարծիքներ