Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 78-ի
Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակումների թիվը հասել է 78-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալության հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Անգլիայում կապիկի ծաղիկի ևս յոթ դեպք է հայտնաբերվել։ Դեպքեր կան գրանցված նաև Շոտլանդիայում:
Մայիսի 24-ի դրությամբ կապիկի ծաղիկ չի գրանցվել Ուելսում ու Հյուսիսային Իռլանդիայում:
Առողջապահության գործակալությունից հայտնել են, որ ի հեճուկս նոր դեպքերի հայտնաբերման՝ երկրի բնակչության համար նվազագույն ռիսկեր կան:
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:
Կարծիքներ