Սպիտակի քաղաքային գրադարանում ամփոփվել է Լոռու մարզի «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» կրթամշակութային ծրագիրը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» կրթամշակութային ծրագիրը Լոռու մարզում ավարտվել է։ Ամփոփումը կատարվել է Սպիտակի քաղաքային գրադարանում ամփոփվել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, երեք օրերի ընթացքում` ընթերցանության, քննարկումների, մշակութային ժառանգության պատմության և նկարչության վարպետության դասերի միջոցով ծրագրի մանուկ և պատանի մասնակիցները հաղորդակցվել են եվրոպական գրականությանը, մշակույթին, սովորել են նկարչական արվեստի հիմունքներն ու կատարելագործել հմտությունները:
«Ճամբարի վերջին օրը՝ մայիսի 4-ին, անգլիացի գրող Դեյվիդ Լիչֆիլդի «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը» գրքի ինտերակտիվ հեքիաթապատումից հետո երեխաները ոգևորությամբ քննարկել են ստեղծագործության բովանդակությունն ու արտահայտել իրենց մտքերն ու տպավորությունները:
Նկարչության վարպետության դասընթացի շրջանակում երեխաներն ավարտել են նախորդ օրերին մեկնարկած աշխատանքները: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանի ղեկավարությամբ երեխաները սովորել են նկարչության հիմունքները, զարգացրել ստեղծագործական միտքն ու կարողությունները՝ արտահայտելով իրենց գաղափարներն ու զգացմունքները: Նշենք, որ առաջիկայում երեխաների նկարչական աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ամփոփելով եռօրյա կրթամշակութային ծրագիրը` վիկտորինաների և հարցուպատասխանի միջոցով երեխաներն ամրապնդել են ճամբարային օրերին ձեռքբերված գիտելիքները` եվրոպական երկրների պատմության, գրականության, մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ:
Կարծիքներ