ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող օրենքի նախագիծը, որի նպատակն է ֆիլմերի արտադրության համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ, «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի գերնպատակը արտադրողի համար Հայաստանում, ինչպես նաև միջազգային համատեղ արտադրության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, որպեսզի ի վերջո հայ արտադրողը կարողանա իր ֆիլմերի և իր զարգացման արդյունքում երկու հիմնական խնդիր լուծել պետության համար՝ միջազգային մշակութային հեղինակություն ձեռք բերել և երկրի տնտեսական աճը խթանել»,-ասաց Կոստանյանը:
Ըստ նրա՝ դա հնարավոր կարող է դառնալ ֆիլմարտադրության համար ներգրավելով միջազգային ներդրումներ: Օրենքում մշակվել են այնպիսի գործառույթներ, որոնք կխթանեն այս երկու կոմպոնենտների իրագործմանը: «Կոնկրետ ռազմավարություն և գործիքակազմ ստեղծելով՝ բավարար իրավական երաշխիքներ ենք տալու և աջակցելու ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը, առաջխաղացմանը: Լուծում ենք 3 հիմնական խնդիր՝ տեղի կինոարտադրողի զարգացում, համատեղ արտադրության զարգացում և օտարերկրյա ներդրումների ներգրավում»,-ասաց պատգամավորը:
Կառավարության առաջարկով առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կրճատվել է նախագծով տրվող հարկային արտոնություններից մեկը:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 75 «կողմ» ձայն:
Կարծիքներ