Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին

Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է   «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված  հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին  2019 թվականից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից:

Շրջայցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը ներկայացրել է կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2019 թ.  համապատասխան որոշմամբ բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական վիրահատարանը համալրվել է նյարդավիրաբուժական 3D նավիգատորով, վիրաբուժական մանրադիտակով, էնդոսկոպիկ սարքավորմամբ, ժամանակակից վիրահատարանի պահանջներին համապատասխանող վիրահատական սեղանով, լուսային համակարգով: Ձեռք  են բերվել նաև ախտորոշիչ սարքեր` համակարգչային տոմոգրաֆ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, ուլտրաձայնային սարքավորում:

Առողջապահության նախարարի 2020 թ. ապրիլի 2-ի հրամանով բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և մինչ այժմ իրականացնում է միայն նոր կորոնավիրուսային հիվանդության COVID-19 ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը։ Վերապրոֆիլավորման արդյունքում կենտրոնում բժշկական օգնություն է ստացել շուրջ 17 000  պացիենտ, որից 70 տոկոսը եղել  է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:

Բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է դոպլեր սարքավորումներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով:

Իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում շահագործման է հանձնվել 40 մահճակալով նոր վերակենդանացման բաժանմունքը, ինչի արդյունքում բժշկական կենտրոնը դարձել է հանրապետության վերակենդանացման ծառայություն մատուցող ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող կենտրոն: Հիմնանորոգվել և կահավորվել  է 9 վիրահատարան: Ախտորոշիչ բաժանմունքը համալրվել  է ամբողջությամբ թվային հեռակառավարվող ռենտգենոգրաֆիկ և ֆլյուորոսկոպիկ, ստացիոնար թվային ռենտգեն համակարգերով:

COVID-19-ի կենտրոնացված լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով լաբորատորիան հագեցվել է հավելյալ արյան գազերի և էլեկտրոլիտների ավտոմատ վերլուծիչով, հագեցվել մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ վերլուծիչի և պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) իրականացնող սարքավորումով:  Արյան  բանկը միացվել է լաբորատորիային և հագեցվում է դոնորական արյան ավտոմատ հավաքագրման և պլազմաֆերեզի իրականացման սարքավորումներով:

Իրականացվել են նաև հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ  բուժկենտրոնի շենքում ու բակային տարածքում: Մասնավորապես, արդիականացվել է կոյուղու համակարգը, մարզերում գտնվող բժշկական կենտրոններից պացիենտների շտապ տեղափոխությունն իրականացնելու նպատակով կառուցվել  է ուղղաթիռի  թռիչքուղի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում