Հայաստանի գույները. «Ֆեստիվառ»-ի հաջորդ կանգառն Իջևանն է
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի հաջորդ կանգառը Իջևանն է: Օգոստոսի 10-ի երեկոյան տեղի կունենա հայ-վրացական համերգային հրավառություն:
Շատրվանների հրապարակում համերգային մեծ ծրագրով ելույթ կունենան սիրված երգիչներ Էրիկ Կարապետյանը, Վրաստանից ժամանած արտիստներ Դաթո Խուջաձեն և Նուցա Թոփուրիան: Մուտքն ազատ է:
Համերգն անցկացվելու է Հայաստանի և Վրաստանի հանրային հեռուստաընկերությունների գործակցությամբ` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Մինչ այս համերգը իջևանցիներին, քաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին իր շուրջը կհամախմբի տեղական և վրացական արտադրանքի տոնավաճառը:
Հյուրերի համար Իջևանի կայարանի հարակից տարածքում մեծ ավտոկայանատեղի է գործում: Զբոսաշրջային անվճար երթուղիներ են նախատեսված:
«Ֆեստիվառ»-ի 2024-ի առաջին կանգառը Գյումրին է եղել, որտեղ հուլիսի 28-ին ի թիվս այլ միջոցառումների, տեղի էր ունեցել Թաթա Սիմոնյանի մեծ մենահամերգը: Փառատոնն այդ օրը Գյումրիում էր համախմբել հարյուրավոր զբոսաշրջիկների, տարբեր մարզերի բնակիչների ու պաշտոնյաների: Տոնին մասնակցել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը:
Նրանք այսօր ևս կմասնակցեն փառատոնին: Աննա Հակոբյանն այդ մասին տեսանյութ էր հրապարակել սոցցանցի իր էջում:
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի վերջին՝ 3-րդ կանգառը կլինի Եղեգնաձորը:
Առաջին անգամ այն անցկացվել է 2023 թվականին: Հուլիսի 22-ին Վանաձորում, օգոստոսի 12-ին Գավառում և օգոստոսի 26-ին Սիսիանում կազմակերպվել են մեծամասշտաբ համերգներ, որոնց մասնակցել են 2 տասնյակից ավելի արտիստներ և բենդեր: Համերգներին նախորդել են տեղական արտադրանքի տոնավաճառներ:
3 քաղաքում 91 տնտեսվարող անվճար հնարավորություն է ստացել ներկայացնել սեփական արտադրանքն ու ծառայությունները, մեկ օրում գրանցել ռեկորդային ծավալի վաճառք:Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ յուրաքանչյուր մարզի համար երեք լեզվով տպագրվել են տեսարժան վայրերի և մարզի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ:
Փառատոնին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 50 հազարից ավելի մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: «Ֆեստիվառը» տուրիստական մեծ աշխուժություն է հաղորդել համայնքներին. հյուրանոցային և հյուրատնային տնտեսություններն այդ օրերին գրանցել են աննախադեպ թվով այցելուներ:
Կարծիքներ