Փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի. զոհերի թիվը հասել է 3-ի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի:
Տուժածների թիվը 61 է։
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և մեկ վերամբարձ կռունկ։
Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար և 155 հրշեջ-փրկարար։
Կարծիքներ