Պարզ լճի տարածքում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը

Պարզ լճի տարածքում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:

Մրցաշարն այս տարի կանցկացվի երկօրյա ձևաչափով՝ մայիսի 20-ից 21-ը:

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):

Խճուղավազքի բոլոր մասնակիցներին կտրվեն մարզաշապիկներ, համարներ և հավաստագրեր:

Հատկացված գումարով նախատեսվում է նաև մասնակիցների համար ապահովել սնունդ, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), ինչպես նաև հոգալ գիշերակացի և մի շարք այլ ծախսեր: Միջոցառման անցկացման համար կիրականացվեն տարածքի ձևավորում, նկարահանում, ուղիղ եթերի ապահովում և այլն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում