ԵՏՄ-ն ապրիլի 1-ից վերականգնում է COVID-19-ի դեմ պայքարի համար օգտագործվող որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքը
Ապրիլի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում կրկին սկսում է գործել կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխարգելելու համար օգտագործվող մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը դեղերի եւ ախտահանող միջոցների, դեղամիջոցների, շնչադիմակների, պաշտպանական ակնոցների, ռետինե ձեռնոցների, բժշկական ապրանքների եւ սարքերի, ինչպես նաեւ հիվանդների տեղափոխման բոքսերի եւ պատգարակների արտադրության որոշ բաղադրիչների եւ նյութերի մասին է:
2020 թվականի գարնանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) որոշում էր ընդունել մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու մասին, որոնք ներմուծվում են ԵՏՄ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: ԵՏՀ-ն մի քանի անգամ երկարացրել է այդպիսի ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծումը եւ ճշգրտել արտադրանքի ցանկը: Օրինակ՝ 2020 թվականի հոկտեմբերին ներմուծման մաքսատուրքը վերականգնվել էր հիվանդությունների հայտնաբերման թեստ համակարգերի, պատրաստի հակավիրուսային ախտահանման միջոցների, լաբորատոր ջերմապայուսակների եւ բժշկական սառցարանների, վիրակապերի, բամբակի, թանզիֆի եւ մեկանգամյա անհատական պաշտպանական միջոցների համար:
Կարծիքներ